Ծաղկաձոր քաղաքի անվանումը Ծաղկունյաց լեռների անվանումից է: Հնում այն կոչվում էր Ծաղկոցաձոր: Վաղ միջնադարում գավառը պատկանում էր Վարաժնունիների նախարարական տոհմին, որոնք Արշակունիների թագավորության ժամանակաշրջանում` 4-5 դարերում, հանդիսանում էին արքունի ամառանոցների և որսատեղերի կառավարիչներ: 6-7 դարերում, արդեն, Վարաժնունիք գավառը անցել էր Կամսարականների նախարարական տանը: Սկսած 10-րդ դարից Կամսարականները հանդես են գալիս նոր` Պահլավունիներ անվամբ, ինչը շեշտում է նրանց ծագումը արևելքում հայտնի հին թագավորական տոհմից: Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, որը 1045թ-ից ճանաչվել է տոհմի նահապետ և իշխանաց իշխան, 1033թ մի նոր եկեղեցի է կառուցում Կեչառույքում այն անվանելով Գրիգոր Լուսավորչի անվամբ` հիմք դնելով հռաչակավոր Կեչառիս վանքային համալիրին: 1051թ. նա կառուցում է երկրորդ եկեղեցին` Սբ. Նշանը: Ծաղկունյաց գավառը տնտեսական և մշակութային նոր վերելք սկսեց ապրել 13-14 դարերում` Զաքարյանների իշխանության ժամանակ: Ծաղկոցաձորին այդ դարերում տիրել է Խաղբակյան կամ Պռոշյան իշխանական տոհմը: Վասակ Խաղբակյանը 1203 - 1214թթ - ին Կեչառիսում կատաում է մեծ ծավալի վերնորոգումներ` Սբ. Նշան եկեղեցու կողքին կառուցելով Սբ.Կաթողիկեն:

Վեցիկ ճարտարապետի ձեռքով կառուցված այս եկեղեցին իր հարդարանքնեով Կեչառիսի վանքի եկեղեցիներից ամենաշքեղն է: Հաջորդ կառույցը, որը դարձյալ Վեցիկ ճարտարապետի ձեռքի գործն է, Սբ. Աստվածածին անվանված գավիթն է: Այս շրջանում է կառուցվում նաև Սբ. Հարություն եկեղեցին:17-րդ դարի հիշատակներում նշվում է , որ դեռևս կանգուն էին վանքի բոլոր եկեղեցիներն ու մատուռները: Սակայն Հայաստանում աստիճանաբար հաստատված թուրքական և քրդական վաչկատուն և անասնապահ ցեղերը Ծաղկոցաձոր գավառը թարգմանաբար վերանվանում են Դարաչիչագ: Ամբողջ 18-րդ դարը անցնում է անվերջանալի պարսկա-թուրքական պատերազմների մեջ, որոնց մեծ մասը տեղի էր ունենում Արևելյան Հայաստանում: 1828թ. Թուրքմենչայի պայմանագրով ռուսական կայսրությանն է միացվում Երևանի խանությունը, որի կազմում էր նաև Դարաչիչագի մահալը: 1877-78թթ. ռուս-թուրքական հերթական պատերազմից հետո հազարավոր գաղթականներ Խնուսից, Բասենից և Բագրևանդից տեղավորվեցին Դարաչիչագի գավառի գյուղերում: Խորհրդային տարիներին Դարաչիչագը պահպանեց և զարգացրեց տուրիստական քաղաքի իր ավանդույթները: Բազմաթիվ շենքեր, որ կառուցվել էին Երևանի և Թիֆլիսի առևտրա-արդյունավերական, բուրժուական բարձր խավի կողմից, որպես ամառանոցներ, ազգայնացվեցին և տրվեցին պետական հիմնարկներին:

Դարաչիչագը Ծաղկաձոր է վերանվանվել ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի 1947թ. հրամանագրով: Գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում: Հրազդան մարզկենտորոնից 5 կմ հյուսիս-արևմուտք: Հեռավորությունը Երևանից 58 կմ է: Բնակչությունը մոտ 2000 մարդ` հիմնականում հայեր, ազգային փոքրամասնություններ են` ռուսները (մալականները), եզդիները: Ծաղակաձոր քաղաքը տեղակայված է Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավ-արևելյան լանջին 1700-1850 մետր բարձրության վրա: Լեռնաշղթայի ամենաբարձր գագաթներն են Թեղենիսը` 2820մ և Ծաղկունյացը` 2851մ բարձրություններով: Ծաղկաձորի միջով արևմուտքից - արևելք ուղղությամբ հոսում է համանուն գետակը, որը թափվում է Հրազդանի վտակի` Մարմարիկի մեջ: